«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունը նախորդ տարվա իր արտասահմանյան գործուղումների համար հաշվարկել էր 29 միլիոն 248 հազար 813 դրամ, որից փաստացի ծախսվել է 27 միլիոն 594 հազար 599 դրամ, իսկ տնտեսվել՝ 1 միլիոն 690 հազար 213 դրամ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից «Փաստի» հարցմանն ի պատասխան:

Արդարադատության նախարարությունից նախորդ տարի արտասահմանյան գործուղման է մեկնել 14 աշխատակից, իսկ ընդհանուր գործուղումների թիվը կազմել է 22: Նախարարությունից մեկ տարվա ընթացքում ամենից շատ գործուղումների է մեկնել նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, այն է՝ 12: Նրան զիջում է նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ով 2016 թ. ընթացքում 6 արտասահմանյան գործուղում է ունեցել:

Արդարադատության նախարարության աշխատակիցները գործուղվել են աշխարհի 15 քաղաք, այլցելել են Մոսկվա, Սոֆիա, Էլ Քուվեյթ, Բրատիսլավա և անգամ Յիվու (Շանհայ):

Նախարարության գործուղումների արժեքները տատանվում են 111 հազարից մինչև 1 միլիոն 400 հազար դրամի սահմաններում: Ամենից թանկ գործուղումը նախկին նախարար, ներկայիս ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանինն է դեպի Էլ Քուվեյթ՝ «ՀՀ և Քուվեյթի պետության միջև հանձնման մասին» համաձայնագիր կնքելու նպատակով: Ապրիլյան գործուղումն արժեցել է 1 միլիոն 349 հազար 671 դրամ: Սակայն ի սկզբանե այս գործուղման համար նախկին նախարարի համար նախատեսվել էր 2 միլիոն 540 հազար դրամ: Բայց նախարարության տնտեսումների շնորհիվ հաջողվել է վճարել միայն 1 միլիոն 349 հազար դրամը: Նշենք, որ ըստ նախնական հաշվարկների՝ ճանապարհածախսի համար հատկացվել էր 1 միլիոն 120 հազար դրամ, իսկ օրապահիկի և գիշերակացի համար՝ համապատասխանաբար 1 միլիոն 339 հազար և 80 հազար 591 դրամ:

Նշենք, որ այս նույն գործուղման մասնակից են եղել ևս 4 պաշտոնյա՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, օգնական Անի Աղայանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը և իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժնի առաջատար մասնագետ Ալեն Մկրտչյանը: Ու թեև նրանք բոլորն էլ նախկին նախարարի հետ նույն չվերթով են մեկնել, սակայն վերջինների գործուղումները նկատելիորեն ավելի մատչելի են: Մասնավորապես Ալեն Մկրչտյանի և Վիգեն Քոչարյանի գործուղումները արժեցել են 222 հազար 289 դրամ, իսկ Սիրվարդ Գևորգյանինն ու Անի Աղայանինը՝ 379 հազար 671 դրամ:

Արփինե Հովհաննիսյանի գործուղման համար կրկին ավելի շատ գումար է վճարվել Սանկտ Պետերբուրգ այցելության ժամանակ: Արփինե Հովհաննիսյանը նախորդ տարվա մայիսի 16–18–ը Վիգեն Քոչարյանի և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող Սոնա Գրիգորյանի հետ գործուղվել էին ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 11–րդ նիստին և 6–րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին մասնակցելու նպատակով: Եվ հատկանշականն այն է, որ Արփինե Հովհաննիսյանի գործուղման համար վճարվել է 601 հազար 880 դրամ, իսկ Վիգեն Քոչարյանի և Սոնա Գրիգորյանի համար համապատասխանաբար 404 հազար 228 և 224 հազար 337 դրամ:

Նախարարության երկրորդ ամենաթանկ գործուղումը տեղի էր ունեցել դեպի Վենետիկ և այն կազմել է 1 միլիոն 30 հազար 902 դրամ: Գործուղման մեկնողը կրկին Արփինե Հովհաննիսյանն էր, ով նախորդ տարվա հունիսի 8–12–ը գտնվել էր Վենետիկում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 107–րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ ի սկզբանե այս գործուղման համար հաշվարկվել էր 1 միլիոն 613 հազար դրամ, որից 582 հազար 766 դրամը ճանապարհածախսին էր ուղղվելու, 168 հազար 199 դրամը օրապահիկի, իսկ 862 հազար 702 դրամն էլ՝ գիշերակացի: Սակայն հաջողվել էր տնտեսել 582 հազար 766 դրամ:
Գրեթե մեկ միլիոն դրամ է արժեցել նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի՝ մայիսին դեպի Նյու Յորք կատարված գործուղումը, որի համար փաստացի վճարվել է 934 հազար 196 դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում