«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրան – Հայաստան բարեկամության միության նախագահ Սեյիդ Մոհամմադ Ռեզա Դամավանդիի կարծիքով, երբ հանրահայտ պարսիկ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին հայ գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտ» վեպն էկրանավորի, սա պատմության մեջ առաջին դեպքը կլինի, որ պարսիկ ռեժիսորը բազմասերիանոց ֆիլմ նկարի հայ հեղինակի վեպի հիման վրա:

Պարսիկ հանրահայտ կինոռեժիսոր, Կաննի, Տորոնտոյի, Բրիսբենի կինոփառատոների մշտական մասնակից, Հարավկորեական կինոփառատոնի և կաթոլիկ եկեղեցու մրցանակների դափնեկիր Բեհրուզ Աֆղամին առաջիկայում պատրաստվում է հայ գրող Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպի հիման վրա նկարահանել բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ:

«Փաստ» օրաթերթի և Nyut.am կայքի գլխավոր խմբագիր, «Ռեզիդենտի» հեղինակ Աշոտ Աղաբաբյանը վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու վերաբերյալ ասաց, որ ամեն ինչ նախնական փուլում է ու բոլոր պայմանավորվածությունները դեռևս բանավոր են:

Հիշեցնենք, որ Ա. Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը Թեհրանում պարսկերեն թարգմանվել ու հրատարակվել է մի քանի անգամ: Փաստագրական այս վեպը հասարակությանն է ներկայացնում մի հայորդու, հզոր անհատականության, պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը` ԽՍՀՄ պետանվտանգության գեներալ–մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938–1941 թթ. ԱՄՆ–ում ԽՍՀՄ ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար), 1942–1947 թթ. ԽՍՀՄ ՆԳԺԿ արտաքին հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»` ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Բադալի Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ կյանքի պատմությունը:

Ի դեպ, պարսկերեն է թարգմանվել նաև Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը և շուտով կհրատարակվի Թեհրանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում