«Փաստ» օրաթերթը գրում է.

 

«Դեմոկրատական կուսակցությունն իր առջև նպատակ է դրել հասարակական վերահսկողություն իրականացնել նախընտրական այն խոստումների կատարման նկատմամբ, որոնք տրվել են ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի կողմից: Եվ եթե իրենց հաջողվի թմբիրից հանել ժողովրդին և բացատրել, որ 10 կամ 20 հազար դրամ ընտրակաշառքը մարդկանց ոչ միայն ոչինչ չի տալիս, այլև՝ ավելի է խորացնում քաղաքական կոռուպցիան, ապա կհամարեն, որ բավականին օգտակար գործ են արել:

 

«Մենք հասկանում ենք, որ առաջիկայում քաղաքական կյանքում որոշակի մեռյալ շրջան է սկսվելու, բայց նաև գտնում ենք, որ կուսակցությունը չի կարող մի կողմ քաշվել և որևէ գործողություն չիրականացնել: Ընդհակառակը նման իրավիճակներում կուսակցությունները պետք է շարունակեն գործել իրենց գաղափարախոսության և ծրագրերի շրջանակներում»,– ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

 


Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ գրանցված աղմկահարույց իրադարձություններից հետո Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված դեպքերը նրա կարծիքով բացարձակ անիմաստ խաղի է վերածվել: Եվ ինքնին հասկանալի է, որ այն, ինչ–որ կատարվում է այս ընտրությունների ժամանակ' ընտրություն համարելը բավականին անլուրջ կլինի:

 

«Առավել ևս, որ ես ընտրողի մոտ չեմ տեսնում այնպիսի ակտիվություն, որը կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենալ: Դրա փոխարեն «շոուներ» են կազմակերպում, որը չի կարելի քաղաքական գործընթաց համարել: Իմ կարծիքով, նախընտրական այս շրջանում ավելի շատ պետք է խոսվեր ռազմավարական ծրագրերի մասին, որը տեղի չունեցավ անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ էլ որևէ մեկը չէր ասում, որ պետք է համակարգը փոխվի, որպեսզի երկիրը փոխվի, այնպես էլ հիմա են ինչ–որ հատվածային երևույթների մասին բարձրաձայնում»,– ասաց կուսակցության առաջնորդը:

 

Դեմկուսի ղեկավարի կարծիքով կարևոր են նաև տարածաշրջանային զարգացումները, որոնք անպայման կապված են լինելու մեր երկրի անվտանգության հետ: Սրա մասին նույնպես հանրությունը պետք է տեղեկացված լինի, իսկ իշխանություններն ու հատկապես ՊՆ ու ԱԳՆ պետք է կարողանան ներկայացնել, թե Մերձավոր Արևելքում և հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ մեր երկրի անվտանգության վրա:
«Շատ հնարավոր է, որ Սիրիային և Թուրքիային պատկանող տարածքներում ձևավորվի Քրդստանի հանրապետություն: Եվ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի սցենարներով են ընթանալու այդ գործընթացները: Կարևոր է նաև հասկանալ, թե մենք կարողանալո՞ւ ենք մասնակից լինել այդ գործընթացներին և այն կարողանալո՞ւ ենք ծառայեցնել մեր շահերին, թե կրկին լինելու ենք զոհերից մեկը»,– ասաց Ա. Սարգսյանը:

 

Հարցի մասին լռությունը կոտրելու համար կուսակցությունը պատրաստվում է լայն ֆորմատով քննարկում կազմակերպել պատկան մարմինների և վերլուծաբանների մասնակցությամբ: Դեմկուսը նաև առաջիկայում ձեռնամուխ կլինի նաև ռեյտինգային կոչվող ընտրակարգը վերացնելու և Ընտրական օրենսգրքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու գործընթաց սկսելու հարցին, քանի որ Ա. Սարգսյանի կարծիքով այն խայտառակությունը, որը եղավ, անընդունելի է ոչ միայն իրենց, այլև այլ կուսակցությունների համար:

 

«Սահմանադրությունը, որը կեղծիքներով է ընդունվել, նույնպես անընդունելի փաստաթուղթ է մեզ համար և այն նույնպես պետք է վերանայվի: Ինչ վերաբերում է խորհրդարանի ներկա կազմին, ապա այն «անհայտ» մարդիկ, ովքեր տասնյակ հազարներով ձայներ են բերել և պատգամավոր են դարձել, ապա ինքնին հասկանալի է, թե ով էր իրականում այս ողջ խայտառակության մեղավորը»,– ասաց Ա. Սարգսյանը»:

 

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում