«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի փոխառությունները գերազանցել են 24 միլիոն դրամը: Այդ մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Հարությունյանը հայտարարագրել է 24 միլիոն 250 հազար դրամ փոխառություններ և 50 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները կազմել են 11 միլիոն 653 հազար դրամ և գոյացել 9 միլիոն 103 հազար դրամ աշխատավարձից ու 2 միլիոն 550 հազար դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից:

Կնոջ՝ Լաուրա Հարությունյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 35 միլիոն դրամ և 100 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, տարեկան եկամուտներ չի հայտարարագրել:

Լոքյանի տեղակալի ընտանիքը 42 հազար դոլար փոխառություններ ունի

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը նախորդ տարի 19 միլիոն դրամի փոխառություններ է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Արթուր Խաչատրյանը նախորդ տարվա սկզբին հայտարարագրել էր 5 միլիոն 650 հազար դրամ և 6 հազար 700 ԱՄՆ դոլար, տարեվերջին արդեն այդ գումարի մի մասը չկար և պաշտոնյայի բանկային հաշիվների վրա կար միայն 3 միլիոն 200 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար:

Նրա տարեկան եկամուտները կազմել են 5 միլիոն 428 հազար դրամ և ստացվել 3 միլիոն 57 հազար դրամ և 575 հազար դրամ աշխատավարձերից, 1 միլիոն 150 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և 645 հազար 833 դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:

Կինը՝ Գոհար Կարապետյանը, հայտարարագրել է 500 հազար դրամ դրամական միջոցներ, 350 հազար դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ, իսկ տարեկան եկամուտներն էլ ստացվել են 2 միլիոն 400 հազար դրամ աշխատավարձից»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում