«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու մրցավազքը սկսվել է. իսկ դա նշանակում է նոր ինտրիգային իրավիճակ:

 

«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ անդադար հանդիպումների մեջ են ռեյտինգայինների պոտենցիալ թեկնածուների հետ: Շատերն իրենք են ուզում հանդիպել այդ «մերձավորներին»՝ նախ հասկանալու իրենց անելիքը, կամ քանի դեռ ուշ չէ, փոխելու վատ կամ կասկածելի տրամադրվածությունն իրենց հանդեպ:

 

Օրինակ, Սերժ Սարգսյանի պատանեկության ընկեր, հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, այս օրերին զբաղված է ինտենսիվ հանդիպումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ռեյտինգայիններում ընդգրկվելու յուրայինների ցուցակ ունի, որտեղ եղած անձանց օգտին լոբբինգ է անում Սերժ Սարգսյանին:

 

Զուգահեռաբար, օրինակ, ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, Սերժ Սարգսյանի հորդորով հանդիպում է այն «ոչ ցանկալի օլիգարխների» հետ, որոնց համոզում է հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից եւ սեփական անձի փոխարեն ԱԺ գործուղել ներկայացուցիչ:

 

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկանում «նեղացնել» տարիներ շարունակ իրեն ծառայած օլիգարխների, ուստի բացատրական աշխատանքների ծանր բեռն առայժմ դրված է Կալուգայի Սամոյի ուսերին:

 

Չի բացառվում, որ նա հաջողության չհասնի, ինչից հետո Սերժ Սարգսյանն անձամբ ստիպված կլինի ոչ ասել այն մարդկանց, որոնց շնորհիվ տարիներ շարունակ կեղծել է ընտրությունների արդյունքներն ու ինքնահռչակվել նախագահ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում