Ազգային ժողովի կուլիսներում խոսվում է, որ Արարատի մարզում Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեն այդ տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված բոլոր պատգամավորները:

 

Խոսքը թիվ 16 ընտրատարածքից պատգամավոր դարձած Մուրադ Մուրադյանի և թիվ 17-ից՝ Կարինե Պողոսյանի մասին է: Վերջինս, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի զարմուհին է: Չի բացառվում, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվի նաև Հովիկ Աբրահամյանն ինքը:

 

Կարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ առաջադրվելու հարց չի քննարկվել: Այդ մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի նաև թիվ 18 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը:

 

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ռեյտինգային ընտրակարգով հնարավոր է յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվին առաջադրել մեկ թեկնածու: