Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ վիճաբանություն է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ' ՔԿՀ 22 խցի երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Երկուսի վիճակն էլ երեկ ծանր էր: Թե ինչն է եղել պատճառը, դեռևս պարզել չհաջողվեց:

 

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վաղ առավոտից տեսակցությունները ևս սահմանափակ են եղել: Շատերին, այդ թվում միջադեպի մասնակից դատապարտյալներին, ընդհանրապես արգելել են որևէ մեկի հետ խոսել: Ըստ երևույթին, ՔԿՀ-ում լարված մթնոլորտը վաղ առավոտից է տիրել, և օրն ավարտվել է դանակահարությամբ:

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շտապ կանչով ՔԿՀ են ժամանել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները, որոնք կալանավայրերի նկատմամբ վերահսկողական գործառույթ ունեն, և իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ: Նրանք տեղում քննչական աշխատանքներ են իրականացրել:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ի պատասխան մեր հարցի' ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ասացին. «Այո, հաստատում ենք, որ եղել է միջխցային միջադեպ։ Նյութեր են նախապատրաստվում։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

 

Հիշեցնենք' վերջին օրերին ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց դեպքեր են բացահայտվում: Նախ քրեական գործեր հարուցվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառներ մատակարարելու գործով: Կալանավորվեցին քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը և պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը: Ապա հայտնի դարձավ, որ «Արթիկ» ՔԿՀ-ում Հովհաննես անունով դատապարտյալն է ինքնավնասում արել, մի քանի այլ դատապարտյալներ ծեծկռտուքի մեջ են հայտնվել և այլն: