«Գազպրոմ Արմենիա» ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն' այս փետրվարին բնակիչ-բաժանորդներն սպառել են 1,2 մլն խմ-ով պակաս բնական գազ, քան 2013թ. փետրվարին' չնայած հանգամանքին, որ բնակիչ-բաժանորդների թիվն այս ժամանակահատվածում ավելացել է ավելի քան 11,5 հազարով: Այնպես որ, երբ նկատում ենք, որ բաժանորդների թվաքանակի մեխանիկական ավելացումը քաղաքացիների սոցիալական վիճակի դրական փոփոխության ցուցանիշ չէ, չենք սխալվում:

Քանզի հազարավոր ընտանիքների համար գազօգտագործող բաժանորդ լինելն ամփոփվում է գազի խողովակն իր տան պատերից ներս հասցնելով և առավելագույնը գազօջախի վրա սուրճ պատրաստելով: Այլապես, 11 հազար 554 բաժանորդների ավելացումը, մեկ տարվա կտրվածքով, պետք է որ սպառման ծավալների նկատելի աճ ապահովեր:

Բայց կարևորը, պարզվում է, ոչ թե գազի սպառման ծավալներն են, այլ դրանց համար վճարված գումարները, որոնք միմյանց հակադարձ համեմատական են: Քանզի միայն փետրվարին բնակիչ-բաժանորդներն սպառած գազի դիմաց վճարել են 11,2 մլրդ դրամ (խմ-ն' 156 դրամի հաշվարկով), ինչը նախորդ տարվա փետրվարի արդյունքը գերազանցում է 1,6 մլրդ դրամով: Մինչդեռ բնակիչ-բաժանորդների համար պատկերը շատ ավելի տխուր է եղել հատկապես հունվարին, երբ ստիպված էին նախորդ հունվարի նկատմամբ ավելի քան 3,2 մլրդ դրամով ավելի վճարել (կազմել է 16,3 մլրդ դրամ)։ Արդյունքում, ընդամենը հունվար և փետրվար ամիսների ընթացքում բնակչությունը «Գազպրոմ Արմենիային» վճարել է շուրջ 4,8 մլրդ դրամ ավելի գումար, քան նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում:

Շարունակությունը' «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: